Միյատովիչը Թուրքիային հորդորել է հարգել ԶԼՄ-ների ազատության իրավունքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հորդորել է Թուրքիայի իշխանություններին ապահովել զանգվածային լրատվամիջոցների ու լրագրողների անվտանգությունը: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ գրասենյակը:
«Ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունները պետք է պաշտպանվեն, սակայն նրանք էլ իրենց հերթին պետք է պաշտպանեն մամուլի ազատությունն ու աջակցեն ժողովրդավարության ամրապնդման հարցում լրագրողների ունեցած դերակատարությանը: Ամբողջությամբ գիտակցելով, թե ինչ դժվարին ժամանակներ է ապրում Թուրքիան, այդուհանդերձ տեղական իշխանությունները պետք է ապահովեն մեդիայի ազատությունը` հավատարիմ իրենց միջազգային հանձնառությունների»,- նշել է Միյատովիչը:
Անդրադառնալով այն փաստին, որ Թուրքիայի ռադիո և հեռուստաընկերությունների բարձրագույն խորհրդի որոշմամբ փակվել է գյուլենականներին հարող շուրջ 25 հեռուստաընկերություն և ռադիո` Միյատովիչն ասել է. «Օգտագործելով իմ մանդատի ողջ ուժը` ես կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին ապահովել բազմակարծությունը, տեսակետների բազմազանությունն ու հարգել լրագրողների անվտանգության իրավունքը` հավելելով, որ Թուրքիայում մեդիայի ազատության խնդրի հետ կապված իր գրասենյակը բազմաթիվ դիմումներ է ստացել նախորդ տարիներին:



