Հայտարարվել է մրցույթ Համո Սահյանի հուշարձան-կոթողը ստեղծելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի քաղաքապետարանը եւ Մշակույթի նախարարությունը համատեղ հայտարարել են հայ նշանավոր բանաստեղծ, քնարերգու Համո Սահյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագծի բաց մրցույթի վերաբերյալ:
Ըստ մրցույթի պայմանների՝ հուշարձանը պետք է մարմնավորի հայ նշանավոր բանաստեղծի կերպարը, արտահայտի նրա հայրենասիրական եւ ազգային–գաղափարախոսական արժեքները։ Հուշարձանը տեղադրվելու է Օղակաձև զբոսայգու 5–րդ հատվածում գտնվող շատրվաններին հարակից տարածքում: Հուշարձանի գաղափարական հորինվածքը, չափերը եւ նյութի ընտրությունը թողնվում են հեղինակի հայեցողությանը։ Հուշարձանի դիրքն ու չափսերն էլ պետք է նպաստեն տարածության մեջ մասշտաբի առումով դրա ճիշտ ընկալմանը։
Ըստ Երեւանի քաղաքապետարանի կայքի՝ մրցութային առաջարկությունները կներկայացվեն ոչ ուշ, քան հոկտեմբերի 20-ը: Եվ գծագրերի աջ կողմի վերեւի անկյունում վեցանիշ թվով կնշվի նախագծի ծածկագիրը։ Գործը ներկայացնելիս փակ ծրարի մեջ համապատասխան ծածկագրով կներկայացվի հեղինակը կամ հեղինակային կազմը եւ մասնակցության տոկոսը։
Ներկայացված աշխատանքներից եւ ոչ մեկը հավանության չարժանանալու դեպքում հանձնաժողովը կարող է հայտարարել մրցույթի 2–րդ փուլ։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



