Ինքնասպանությունների, դժբախտ պատահարների և այլ հանցագործությունների մասին տեղեկատվությունն անհետևանք չի մնում. Հայկական հոգեբուժական ասոցացիայի նախագահ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Լրատվամիջոցներով տարածվող բացասական տեղեկատվությունն անհետևանք չի մնում մարդկանց գիտակցության մեջ: Այս տեսակետն այսօր լրագրողներին հայտնեց Հայկական հոգեբուժական ասոցացիայի նախագահ Արմեն Սողոյանը,-հայտնում է Past.am-ը:
Բանախոսը ներկայացրեց իր երեկվա ուսումնասիրությունները, որոնց համաձայն` կայքերում ամենաընթերցված նյութերի բաժնում հայտնվում են սպանությունների, բռնաբարությունների և այլ հանցագործությունների մասին լուրերը: Սողոյանը ԶԼՄ-ներին համագործակցության կոչ արեց: «Շատ դեպքերում ԶԼՄ-ները դառնում են ոչ թե չորրորդ, այլ երկրորդ իշխանություն: Հասարակության հետ աշխատելու միակ միջոցը այսօր լրատվամիջոցներն են, որոնք նյութերը մատուցելիս պետք է մտածեն նաև ընթերցողի մասին: Ի՞նչ է տալիս ընթերցողին, երբ կարդում է ինքնասպանության մասին, կամ ծնողի կողմից երեխային սպանելու, խեղդելու մասին լուրերը»,- ասաց Արմեն Սողոյանը:
Հայկական հոգեբուժական ասոցացիայի նախագահը համագործակցության կոչ արեց լրատվամիջոցներին, պետական և հասարակական այլ ինստիտուտներին ՀՀ հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված, գործողություններն իրականացնելիս՝ հատկապես այս հարցի ուղղությամբ:
Լևոն Փանոսյան




















































