Հայ-վրացական դաշնակցային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. ՀՀ փոխվարչապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում, ՀՀ փոխվարչապետը կարեւորել է հայ-վրացական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը եւ այս համատեքստում հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը՝ ուղղված մեր երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության խորացմանը:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-վրացական երկկողմ համագործակցության մեջ առանձնակի կարեւորություն ունի նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը, եւ խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ Հայաստանն ու Վրաստանը կարող են նոր լիցք հաղորդել մեր երկու երկրների գործընկերային հարաբերություններին:
Հանդիպման ավարտին Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել ՀՀ փոխվարչապետին ընդունելության եւ երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերի համար:



