Գալուստ Սահակյանը կարևորում է «Սփյուռք» ամառային դպրոցի նման ծրագրերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 11-ին խորհրդարանում հյուրընկալել է «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով հյուրերին Հայստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ ծրագրի նպատակն է Սփյուռքի հա յրենակիցներին հաղորդակից դարձնել հայոց լեզվին, հայ մշակույթին ու գրականությանը: Գալուստ Սահակյանը, կարեւորելով նմանատիպ ծրագրերի իրականացումը, համոզմունք է հայտնել, որ դրանք կլինեն շարունակական:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ամառային դպրոցի մասնակիցների հետ հանդիպելու համար եւ մանրամասն ներկայացրել դպրոցի կողմից իրականացվող աշխատանքները:
Խորհրդարանի ղեկավարը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերել են հայրենադարձության եւ հայապահպանության խնդիրներին, Հայաստան-Սփյուռք կապերի սերտացմանն ու կրթական եւ մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերին:
Հանդիպման ավարտին «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները լուսանկարվել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:



