Շանհայում G20-ի նախարարները համաշխարհային առեւտրի աճի ռազմավարություն են ընդունել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆG20-ի առեւտրի նախարարները համաշխարհային առեւտրի աճի ռազմավարություն են ընդունել, որը պետք է նպաստի մինչեւ 2018 թվականը համաշխարհային ՀՆԱ-ի լրացուցիչ 2%-ի աճ արձանագրելուն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին նշված է Շանհայում անցկացված հանդիպման ամփոփիչ հռչակագրում:
Ընդունված փաստաթղթում, մասնավորապես, առաջարկվում է նվազեցնել առեւտրային ծախսերը, բարելավել առեւտրային եւ ներդրումային քաղաքականության համակարգումը, նպաստել ծառայությունների ոլորտում առեւտրի ընդլայնմանը, ծառայությունների մրցունակ շուկա ստեղծել, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել՝ էլեկտրոնային առեւտրի զարգացմանը նպաստելու համար:
G20-ի անդամները վստահ են, որ այս ռազմավարության օգնությամբ հնարավոր է զգալիորեն նպաստել առեւտրի ոլորտում թափանցիկությանն ու ինտեգրմանը՝ այդ կերպ ներդրում ունենալով համաշխարհային առեւտրի զարգացման գործում:



