Պետական խորհրդանշանների օրվա կապակցությամբ երիտասարդները մասնակցեցին քայլերթի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ պատանիներին պետական խորհրդանշանների շուրջ համախմբելու գաղափարախոսությամբ Ազատության հրապարակից մի խումբ երիտասարդներ մասնակցեցին քայլերթի: Պետական խորհրդանշանների օրվա առիթով անցկացվող տոնական միջոցառմանը հիմնականում մասնակցում էին 12 տարեկանից բարձր երեխաներ:«Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերը, Երևանի վարչական շրջանները, ինչպես նաև քառասունից ավելի հա սարակական կազմակերպություններ»,- «Արմենպրես»-ին հաղորդեց «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Պավել Սարգսյանը:
Հանդիսության ընթացքում մայրաքաղաքի կենտրոնում ուղղաթիռը պտույտ կատարեց ՀՀ եռագույնով: Այնուհետև երիտասարդները քայլերթի ընթացքում քաղաքի կենտրոնական փողոցներով տանում էին Հայաստանի ու Արցախի 125 և 100 մ երկարությամբ եռագույն դրոշները: «Այս տարի երթը առաջնորդում և գլխավորում են զինվորականները»,- ավելացրեց Սարգսյանը:
Հայկական բարեգործական ընդհանուր միության Երևանի սկաուտական խմբի ատենապետ Սարո Թադեոսը նշեց, որ պետական խորհրդանշանների օրվա առիթով կազմակերպվող միջոցառումներին ամեն տարի մասնակցում են նաև երիտասարդ հայ սկաուտները, ովքեր հանդիսության սկզբում նաև նվագեցին հայկական օրհներգը:



