«Հրազդան» մարզադաշտին կից տարածքում կլինի օգտագործված իրերի վաճառատեղի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇաբաթ օրը՝ հուլիսի 2-ին, «Վերնիսաժի» տարածքը լքել են օգտագործված իրերի վաճառքով զբաղվող առեւտրականները: Վերջիններս իրենց ապրանքների առեւտուրը կիրականացնեն «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում:
Բանն այն է, որ «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով ընթացող աշխատանքների շրջանակում այնտեղ այսուհետեւ կներկայացվի միայն անվանը համապատասխան ապրանքատեսականի՝ գեղանկարչություն, ձեռագործ աշխատանքներ ու զարդարվեստ: Այս մասին դեռեւս 2,5 ամիս առաջ «Վերնիսաժի» բարեկարգման քննարկումներից մեկի ժամանակ հայտարարել էր Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Նա նշել էր, որ շինարարական նյութերի եւ հագուստեղենի համար մայրաքաղաքում գործում են առեւտրի բազում այլ կետեր, որտեղ էլ պետք է ուղղորդվեն նման ապրանքների վաճառքով զբաղվող քաղաքացիները:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ օգտագործված իրերի վաճառքն այսուհետ կիրականացվի բացառապես վերոնշյալ տարածքում:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



