Հայտարարությունս ջնջել եմ, բայց Հայաստանից ուզում եմ հեռանալ. Արտյոմ Հակոբյան
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Հայտնի հաղորդավար, ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր հայտնի և քննարկված հայտարարությանը, ասաց, որ ինքը արդեն ջնջել է իր գրառումը:
«Ես արդեն ջնջել եմ էդ ստատուսը և չեմ էլ ուզում հրապարակայնորեն խոսել էդ մասին: Ջնջել եմ լրատվամիջոցների տարածման պատճառով: Լրատվամիջոցների պատճառով ադրբեջանական կայքերը վերցրել են ստատուսս, թարգմանել են և սարքել են հակահայկական նյութ: Ոչ Հայաստանի, ոչ էլ հեռանալուս մասին կարծիքս չի փոխվում, ուղղակի չեմ ուզում, որ անիմաստ երևույթներ դառնան»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Հակոբյանը:
Հարցին՝ պատրաստվում է վերջնականապե՞ս հեռանալ Հայաստանից, Հակոբյանն ասաց. «Այո՛, այո՛, այո՛»:
Հիշեցնենք, որ Արտյոմ Հակոբյանը իր միկրոբլոգում հայտարարել էր, որ ոչ մի րոպե ավել չի ուզում մնալ Հայաստանում, որտեղ ոչ օրենք կա, ոչ մարդու իրավունքներ:
Հակոբյանը վաճառքի է հանել իր տունն ու ցանկանում է օր առաջ հեռանալ Հայաստանից: Ռեժիսորի հայտարարությունը բուռն քննարկման առարկա է դարձել համացանցում:



