Գեղարքունիքում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած երեխաներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն օպերատիվ և համակարգված կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ ձևավորվել են մասնագիտական խմբեր:
Շտապբուժօգնության բրիգադներից բացի, Գեղարքունիքի մարզ են մեկնել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները:
Ժամը 14:00-ի դրությամբ' մարմնական տարբեր վնասվածքներով Սևանի հիվանդանոց տեղափոխված 10 տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ: Բոլորի վիճակը գնահատվում է բավարար:
Տեղի և մարզի մասնագետների մասնակցությամբ կազմակերպված բժշկական կոնսիլիումի ընթացքում որոշում է կայացվել չորս հիվանդի տեղափոխել Երևան' մեկին «Սուրբ Աստվածամայր», երեքին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ' լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու նպատակով:
Օգոստոսի 17-ին' ժամը 11:00-ի սահմաններում Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում շրջվել է երեխաներ տեղափոխող ավտոբուս: Տեղում իրավիճակը գնահատելու և անհետաձգելի բժշկական օգնությունն արագ և պատշաճ կազմակերպելու համար ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Հրազդանի և Սևանի բժշկական կենտրոններից շտապօգնության բրիգադներ, ինչպես նաև նեղ մասնագետներ անմիջապես մեկնել են դեպքի վայր:



