Ինդոնեզիայում սկսվել է կործանված մարդատար ինքնաթիռի որոնման գործողությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքացիական երկու ինքնաթիռներ ձեռնամուխ են եղել Ինդոնեզիայի արեւելքում կործանված Trigana Air Service ընկերության օդանավի որոնմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Դետիկ» լրատվական պորտալին, աղետի վայրը պարզելուց հետո այնտեղ կուղարկվեն մի խումբ փրկարարներ եւ ոստիկաններ:
Ինչպես հայտնել են Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները, որոնող ինքնաթիռն արդեն հայտնաբերել է ATR 42-300 մարդատար օդանավի բեկորները, որը օգոստոսի 16-ին կործանվել է երկրի Պապուա նահանգում:
Նախօրյակին ATR 42-300 ինքնաթիռը աղետի է ենթարկվել Օքսիբիլ քաղաքից մոտավորապես 25 կիլոմետր հեռավորության վրա, ուր այն ուղեւորվում էր Ջայապուրից (Պապուա նահանգի վարչական կենտրոն):
Օդանավն անհետացել է ռադարների էկրաններից եւ կապի մեջ չի մտել վայրէջքից մոտավորապես 10 րոպե առաջ: Ինքնաթիռում, ըստ նախնական տվյալների, եղել է 49 ուղեւոր, այդ թվում՝ հինգ երեխա, ինչպես նաեւ անձնակազմի հինգ անդամներ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:



