ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռներ է արձակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿԺԴՀ-ն բալիստիկ երկու հրթիռ է արձակել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը: Ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է այսպես կոչված «Մուսուդան» հրթիռներին, որոնք մինչեւ 4 հազար կիլոմետր հեռահարություն ունեն:
Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի զինված ուժերի Ռազմավարական հրամանատարության մամուլի ծառայության պետ փոխգնդապետ Մարտին Օ՛Դոննելը, երկու արձակումներն էլ, որոնք իրականացվել են Վոնսան նավահանգստի գոտու շարժական կայանքներից, անհաջող են եղել, հրթիռներն ընկել են Ճապոնական ծովում:
Ճապոնիան ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռի հերթական արձակումները սպառնալիք է համարում համաշխարհային հանրակցության համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Գեն Նակատանին: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրթիռների արձակման փորձը համարել է «բացարձակապես անթույլարելի» եւ խոստացել է բոլոր ջանքերը գործադրել երկրի անվտանգությունն ապահովելու համար:
Կորեայի Հանրապետությունը նույնպես դատապարտել է կատարված արձակումները: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերն արգելում են Հյուսիսային Կորեային բալիստիկ հրթիռներ օգտագործել: Մենք այսօրվա արձակումները դիտում ենք որպես անթաքույց սադրանք Փենյանի կողմից»,- ընդգծել է երկրի միավորման նախարարության ներկայացուցիչը:
ԱՄՆ-ը պլանավորում է ՄԱԿ-ի ԱԽ-ում նախաձեռնել ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների արձակման հարցի քննարկում: Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Մենք մտադիր ենք ՄԱԿ-ում բարձրացնել մեր մտահոգությունների հարցը եւ ընդգծել այդ սադրիչ գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու վճռականությունը»,- ասված է դիվանագետի տարածած հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:



