Հայտնի է Պատագոնիայի կենդանիների զանգվածային ոչնչացման պատճառը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւշ պլեյստոցենի շրջանում (11-60 հազար տարի առաջ) Պատագոնիայի կենդանիների զանգվածային ոչնչացման եւ կենսաբազմազանության նվազման պատճառը մարդածին ազդեցությունն ու կլիմայի ջերմացումն է: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Science Advances-ը:
Մասնագետների հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ միայն մարդկային գործոնը բավարար չէր օրգանիզմների ոչնչացման համար:
Փորձագետների միջազգային խումբն անալիզի է ենթարկել միտոխոնդրիալ ԴՆԹ-ի հավաքածուն, որոնք հայտնաբերվել են Պատագոնիայի հնագույն ֆաունայի ներկայացուցիչների ոսկորներում եւ ատամներում: Գիտնականները կենդանիների՝ նախկինում անհայտ մի քանի գենետիկ բնութագրեր են հայտնաբերել, մասնավորապես՝ ուղտերի եւ հսկայական հարավամերիկյան հովազների նոր բրածոներ:
Տվյալների վերլուծությունը թույլ է տվել ժամանակի կարճ հատված հայտնաբերել (մի քանի հարյուր տարի՝ շուրջ 12 հազար տարի առաջ), որի ավարտին Պատագոնիայի կենսաբազմազանությունը կտրուկ նվազել է: Դա տեղի է ունեցել առաջին մարդու ի հայտ գալուց երեք հազար տարի անց եւ համընկել կլիմայական փոփոխությունների սկզբի հետ:



