Էլեկտրաէներգիայի թանկացած սակագնի համար Կառավարությունը խոշոր բիզնեսին չի փոխհատուցի. վարչապետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ կառավարությունը չի փոխհատուցելու խոշոր բիզնեսին օգոստոսի 1-ից թանկացած էլեկտրաէներգիայի սակագնի համար։
«Շատերի մոտ թյուր տպավորություն կա, որ մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրվող խորհրդատվության ավարտը, կառավարությունը սակագների տարբերության մասով կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլ նաև խոշոր բիզնեսին։ Դա այդպես չէ։ Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք վերցնելու ենք մեզ վրա միայն ազգաբնակչության ծախսը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է 6.93 դրամով, ինչը կառավարությունը պարտավորվել էր վճարել, մինչև ՀԷՑ-ում կանցկացվի աուդիտ։
Վարչապետը նաև նշեց, որ երբ նախագահը արձակուրդից վերադառնա, քննարկելու են նաև ՓՄՁ-ին աջակցելու խնդիրը։
«Խոսքը նրանց մասին է, ովքեր ամսական ծախսում են միջինը 250 կվ հոսանք։ Ես կարծում եմ, որ կառավարությունը չէ, որ պետք է ֆինանսավորի խոշոր բիզնեսի ծախսած էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը»,-ասաց նա։



