Նախագահ Օբաման զոհվածների հիշատակը կհարգի Օռլանդոյում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտադիր է հունիսի 16-ին այցելել Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաք՝ հարգելու գեյ-ակումբի վրա հարձակման հետեւանքով զոհվածների հիշատակը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Florida Pulse ակումբի վրա հարձակումը կատարվել է հունիսի 12-ին: Աֆղանական ծագումով 29-ամյա ամերիկացի Օմար Մատինն սպանել է 50 մարդու: Ակումբի 53 այցելուներ վերքեր են ստացել, նրանցից հինգը ծանր վիճակում են: Սպանդը ամենաարյունալին է համարվում ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ:
Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների՝ Մատինը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Նա սպանվել է ոստիկանության կողմից:
Ավելի վաղ Օբաման հայտարարել է, որ հետաքննությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Մատինը ինչ-որ կերպ կապված է արտասահմանյան ծայրահեղական խմբավորումների հետ: Այդուամենայնիվ, ԱՄՆ-ի ղեկավարի կարծիքով, հարձակվողի վրա «ազդեցություն է գործել ծայրահեղական ուղղվածության այն տեղեկատվությունը, որը տարածվում է համացանցում»:
Նախագահը նաեւ հայտարարել է, որ Օմար Մատինը զենքը ձեռք է բերել օրինական ճանապարհով եւ քննադատել է դրա տարածումը կարգավորող ԱՄՆ-ի օրենքները, որոնք Օբաման անբավարար խիստ է համարել:



