ՄԱԿ-ի ԱԽ-ն Օռլանդոյի գիշերային ակումբի վրա հարձակումը գնահատել է ահաբեկչական գործողություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտում է զինված հարձակումը ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքի Florida Pulse գիշերային ակումբի վրա, որտեղ հավաքվում են ոչ ավանդական սեռական կողմնորոշման անձինք, եւ այն համարում է ահաբեկչական գործողություն: Այդ մասին ասված է կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ, որը տարածվել է հունիսի 13-ին:
«ԱԽ-ի անդամներն ամենայն լրջությամբ դատապարտեցին Օռլանդոյի ահաբեկչությունը»,- նշվում է փաստաթղթում: Դրանում ընդգծվում է, որ «մարդկանց վրա հարձակում է կատարվել նրանց սեռական կողմնորոշման պատճառով»:
ՄԱԿ-ի ԱԽ-ն նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ ԱՄՆ-ի կառավարությանը, ինչպես նաեւ շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
Կազմակերպությունը նաեւ հորդորել է բոլոր պետություններին՝ «բոլոր ուժերով պայքարել ահաբեկչության դեմ»՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
Florida Pulse ակումբի վրա հարձակումը կատարվել է հունիսի 12-ին: Աֆղանական ծագումով 29-ամյա ամերիկացի Օմար Մատինն սպանել է 49 մարդու: Ակումբի 53 այցելուներ վերքեր են ստացել, նրանցից հինգը ծանր վիճակում են: Սպանդը ամենաարյունալին է համարվում ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ:
Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների՝ Մատինը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Նա սպանվել է ոստիկանության կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



