Մեկ տարվա ընթացքում Հնդկաստանի ճանապարհներին շուրջ 150 հազար մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեկ տարվա ընթացքում Հնդկաստանում ճանապարհային վթարների զոհ է դարձել ավելի քան 146 հազար մարդ: Տվյալները ներկայացրել է երկրի տրանսպորտի նախարարությունը:
Վիճակագրության համաձայն, զոհերի շուրջ կեսը երիտասարդներ են՝ 15-34 տարեկան: Ընդ որում, վթարները Հնդկաստանում ավելի շատ կյանք են խլում, քան պատերազմներն ու համաճարակները:
Ըստ «Ռոսբալտ»-ի, ճանապարհներին տեղադրված տեսահսկման խցիկների ձայնագրությունները վկայում են, որ վարորդների մեծ մասն անցնում է պատահարների կողքով՝ անտեսելով տուժածների օգնության խնդրանքը: 2013 թվականին SaveLIFE-ի անցկացրած հարցման համաձայն, հնդիկների 74%-ը չի համարձակվում կանգնել եւ օգնել տուժածներին, քանի որ մարդիկ կեղծ մեղադրանքների մտավախություն ունեն, ինչպես նաեւ խուսափում են դատարանում վկայություն տալուց:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 2013 թվականի տվյալներով, Չինաստանն ու Հնդկաստանը ճանապարհային պատահարների զոհերի թվով առաջատար են ամբողջ աշխարհում: Իսկ Ռուսաստանում վթարների հետեւանքով տարեկան շուրջ 27 հազար մարդ է զոհվում. 2 անգամ ավելի, քան Եվրոպայում:



