Երկու կյանք խլած տարերքի հետեւանքով այլ զինծառայողներ էլ են տուժել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Տեղացած առատ անձրեւից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետեւանքով հունիսի 8-ի գիշերը ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ տուժել է մի քանի զինծառայող: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ զինծառայողներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնությունը: Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ Արծրուն Հովհաննիսյանը չհաղորդեց:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղացած առատ անձրեւից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետեւանքով հունիսի 8-ի գիշերը ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը եւ շարքային Արմեն Պավելի Գազարյանը: ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, հայտնել էին, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 00:30-ի սահմանում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վարդան Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Արմեն Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:



