«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Սարգսյանի հետքերը ջնջելու գործընթացի անբաժանելի մասն էր մեռելոցները վերացնելու հարցը: Հովիկ Աբրահամյանն իր նշանակման օրից երազում էր տաղավար տոնրին հաջորդող երկուշաբթիներն աշխատանքային դարձնել: Հենց սկզբում սակայն, այդ փորձերն արժանացան կաթողիկոսի լուրջ դիմադրությանը:
Գարեգին Բ-ն այնքան էր զայրացել, որ խոստացել էր վեր հանել մեռելոցների նախապատմությունը, քանի որ, պարզվում է, դրանց հիմնադիրը ոչ այնքան Տիգրան Սարգսյանն է, որքան Սերժ Սարգսյանը՝ վարչապետ աշխատած օրերին:
Դրանից հետո Հովիկ Աբրահամյանը փորձեց «փոքրիկ» քայլերով առաջ գնալ, առաջարկեց Սուրբ Հարության՝ Զատկի, եւ Սուրբ Խաչի տոներին հաջորդող մեռելոցները դարձնել ոչ աշխատանքային, բայց Մայր Աթոռից հայտարարություն եղավ, թե եկեղեցին անընդունելի է համարում տաղավար տոների միջեւ տարբերակում մտցնելը:
Սակայն Հովիկ Աբրահամյանը որոշել է «կռվել»: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում սպասվող տաղավար երկու տոների դեպքում Արգամիչը բարոյական հաղթանակ է գրանցել. Խաչվերաց տոնին հաջորդող երկուշաբթին հայտարարվել է ոչ աշխատանքային, իսկ Աստվածածնի վերափոխման՝ խաղողօրհնեքի տոնին հաջորդող երկուշաբթին՝ աշխատանքային»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



