Թուրքիան կհաշտվի Գերմանիայի քայլի հետ. Կարինե Աճեմյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանի խոսքով՝ հերթական անգամ Գերմանիան աշխարհին ապացուցեց, որ ուժեղ է ,ժողովրդավար, այսինքն՝ այնպիսի ազդակներ տվեց, որոնք միայն ու միայն խոսում են իր օգտին: Այս կարծիքը Կարինե Աճեմյանը հայտնեց՝ մեկնաբանելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:
Past.am-ի հետ զրույցում տիկին Աճեմյանը նշեց, որ թեկուզ հարյուր տարի հետո, միևնույն է, այսպիսի բանաձևով հանդես գալը, առաջին հերթին, երկրի հեղինակությունն է բարձրացնում: Պատգամավորի խոսքով՝ դա ևս մեկ անգամ ընդգծում է, որ երկիրը քաղաքակիրթ է, առաջ է նայում և չի մոռանում պատմությունը:
Խոսելով Հայաստանի դիվանագիտության մասին՝ Աճեմյանն այն համոզմունքը հայտնեց, որ մեր բոլոր օղակները վերջին տարիներին շատ աշխատանք տարան, հատկապես հարյուրամյակի տարում: Կարինե Աճեմյանը գովելի է համարում թե՛ ԱԺ-ի, թե՛ արտգործնախարարության ջանքերը, բայց ընդգծում է, որ դրանք էլ բավարար չեն:
«Եղավ ցանկություն, հետո այդ ցանկությունը վերածվեց բանաձևի, որն աշխարհի բոլոր հայերի համար շատ ընդունելի էր և կարևոր»,- հավելեց մեր զրուցակիցը:
ՀՀԿ խմբակցության պատգամավորը, անդրադառնալով Թուրքիայի դեսպանի հետկանչմանը, ասաց. «Մշտապես իրենք այսպիսի քայլեր անում են, հետո հանգստանում են: Դրանից միայն Թուրքիան է տուժում: Գերմանիան հզոր պետություն է, որի հետ աշխարհը հաշվի է նստում: Թուրքիան կհաշտվի Գերմանիայի քայլի հետ»:
Լևոն Փանոսյան




















































