Դավիթ Լոքյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 1-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը` ԵՄ հարևան երկրներում վարկային գործառնությունների հարցերով տնօրեն Հեինց Օլբերսի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:
Ողջունելով հյուրերին` նախարարը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում: Դավիթ Լոքյանը կարևորել է ծրագրի հաջող իրականացումը` Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ տեսակետից անվտանգ դպրոցական շենքերի ծածկույթն ընդլայնելու առումով:
ԵՆԲ ԵՄ հարևան երկրներում վարկային գործառնությունների հարցերով տնօրեն Հեինց Օլբերսը շնորհակալություն է հայտնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին` Հայաստանի Հանրապետությունում «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» գնահատման ընթացքում արդյունավետ համագործակցության համար: Պարոն Օլբերսը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի գործադիր իշխանության շարունակական ջանքերին` բարելավելու, վերակառուցելու և կառուցելու ավելի բարձր սեյսմակայուն չափանիշներով նոր դպրոցական շենքեր:
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ մարզերում ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները: Նախարարը նշել է, որ այդ ծրագրերն առաջնահերթ նշանակություն ունեն տարածքների զարգացման համար: Հեռանկարային են համարվել տրանսպորտային, ճանապարհային, ջրային ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղությւոներով համատեղ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ավարին կողմերը վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը` շարունակելու և խորացնելու արդյունավետ համագործակցությունը:



