«Նատալի ֆարմի» կողմից դեմպինգի հնարավորությունը կստուգվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել եւ կուսումնասիրի «Նատալի Ֆարմ» դեղատնային ցանցի կողմից դեմպինգի հնարավորությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նոյեմբերյան քաղաքի կրպակային դեղատներից ստացված դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել էր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին «Նատալի ֆարմ» դեղատնային ցանցի կողմից դեմպինգ անելու վերաբերյալ:
Մասնավորապես, քաղաքացիները բողոքել էին «Նատալի Ֆարմի» կողմից իրականացվող դեմպինգային քաղաքականությունից: «Վերջինս, որպես խոշոր ներմուծող եւ վաճառող, հնարավորություն ունի իր դեղատանը դեղերը վաճառել ավելի էժան գներով (անգամ ավելի էժան, քան Նոյեմբերյանի մյուս դեղատների մեծածախ ձեռքբերման գներն են), հայտարարել զեղչեր, տրամադրել բոնուսային քարտեր եւ այլն: Հայտնվելով անհավասար մրցակցային պայմաններում՝ Նոյեմբերյանի 11 դեղատներն իրենց 30-ից ավելի աշխատակիցներով հայտնվել են փակման վտանգի առաջ, ինչը հերթական հարվածն է սահմանամերձ քաղաքի բնակչության համար»,- նշել է Էդմոն Մարուքյանը:
Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այսօր ստացել եմ պարոն Շաբոյանի պատասխանն առ այն, որ գրությանս հիման վրա հարուցվել է վարչական վարույթ: Սպասենք նիստին …»:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



