Կարկտահարությունը վնասներ է պատճառել Արմավիրի մարզի 12 համայնքների. նախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջին մի քանի օրերին տեղացած կարկուտը վնասներ է հասցրել Արմավիրի մարզի 12 համայնքների: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Վնասներն այդ համայնքներում ընդհանուր առմամբ կազմում են 30-80 տոկոս: Հիմա մենք աշխատում ենք և առաջիկայում կներկայացնենք ամփոփ տեղեկատվություն վ նասների վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ հակակարտային կայանները սկսել են աշխատել միայն կարկուտից հետո, նախարարը պատասխանեց. «Այո, ասում են, որ հակակարկտային կայանների մի մասը չի աշխատել կապ չլինելու պատճառով: Հիմա այդ հարցն էլ է քննարկման փուլում և մենք դրա վերաբերյալ էլ վերջնական տեղեկատվություն կներկայացնենք: Հիմա արտակարգ իրավիճակների նախարարության հետ այդ հարցը քննարկում ենք»:



