Օգնություն է տրվել երկրաշարժից տուժած գյումրեցի ընտանիքներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպությունն օրերս անցկացրեց «Դու միայնակ չես» բարեգործական ակցիան, որի շրջանակում օգնություն է ցուցաբերվել Սպիտակի երկրաշարժից տուժած Գյումրու բնակիչներին: Ակցիան անցկացվել է Երեւանում՝ Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի աջակցությամբ:
«Գյումրու բնակիչների հետ շփման արդյունքում բացահայտ դարձան 11 ընտանիքները, որոնք գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ։ Նրանց կացարաններում բացակայում են կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմանները: Մենք որոշեցինք օգնել նրանց սկզբնական շրջանում՝ ապահովելով սննդամթերքով, հագուստով, կոշիկներով, տան համար անհրաժեշտ տեխնիկայով, երեխաների համար խաղալիքներով եւ այլն», - նշել է ՀՌԵՄ հասարակական կազմակերպության փոխնախագահ Սերգեյ Վարդազարյանը:
Կազմակերպության մամուլի քարտուղար Լիլիթ Միրզոյանի փոխանցմամբ՝ ակցիան կկրի շարունակական բնույթ, կանցկացվի ամեն ամիս եւ ամեն անգամ օգնություն կտրվի տարբեր ընտանիքներին:
Նշենք, որ մարտ ամսին «Հայ-ռուսական երիտասարդական միասնությունն» անցկացրեց «Դու միայնակ չես» բարեգործական ակցիան՝ օգնելով հայաստանաբնակ սիրիահայ 44 ընտանիքի:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



