Քամին Գեղարքունիքի մարզում շարունակել է վնասներ պատճառել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում մայիսի 24-ի ժամը 11-ից հետո դիտվել է քամու ուժգնացում, ինչի հետեւանքով վնասներ են գրանցվել մի շարք համայնքներում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոնից, ուժեղ քամին Երեւան-Սեւան ավտոմայրուղու Սեւանի հատվածում տապալել է 1 ծառ՝ ժամանակավորապես դժվարացնելով տրանսպորտային երթեւեկությունը, Սեւանի թերակղզու մոտակայքում շուռ տվել գովազդային վահանակը, իսկ Սեւան քաղաքում կտրել է էներգասնուցման հաղորդալարեր, ինչի հետեւանքով հոսանքազրկվել են քաղաքի որոշ թաղամասեր:
Քամին Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում պոկել է լուսամուտը, Նորակերտ գյուղի մի քանի շինություններում՝ տանիքների ծածկեր:
Գեղարքունիքի մարզի փրկարարները տեղում կատարում են համապատասխան ուսումնասիրություններ եւ գործողություններ:
Խոսրով Խլղաթյան



