Թռիչքը երիտասարդացնում է. ինքնաթիռ նստած ծերունին դարձել է 20 տարեկան
ԼԱՅՖՀոնգ Կոնգ-Վանկուվեր չվերթն իրականացնող Կանադական ավիաուղիներին պատկանող մի ինքնաթիռում տեղի է ունեցել արտառոց միջադեպ:
Իտալական Corriere della Sera պարբերականի փոխանցմամբ` նախքան թռիչքը, ինքնաթիռ է բարձրացել 70-80 տարեկան մի ծերունի, որը թռիչքից անմիջապես հետո վերածվել է 20-ամյա ասիական արտաքինով բարետես մի երիտասարդի:
Այս ամենից ապշած ինքնաթիռի անձնակազմը տեղի ունեցածի մասին տեղեկացրել է Կանադայի իրավապահներին: Ինքնաթիռի վայրէջքից հետո երիտասարդը ձերբակալվել է և կանադական իշխանություններից պահանջել քաղաքական ապաստան:
Երիտասարդի մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ծերունու դիմակ, ակնոց և շագանակագույն մի գլխարկ: Այս բոլոր պարագաներով երիտասարդին հաջողվել էր այնպես դիմակավորվել, որ սահմանապահները նույնիսկ չեն էլ կասկածել, որ իրենց դիմաց կանգնած է ոչ թե 80-ամյա ծերունի, այլ 20-ամյա տղա:
Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն: Կանադայի իշխանությունները բացառում են երիտասարդի առնչությունն ահաբեկչական կազմակերպությունների հետ:



