«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ քննարկում է տեղի ունեցել
ՔԱՂԱՔԱԿԱՆԵվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ իրականացվող «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի մասնակցությամբ այսօր Երևանում տեղի է ունեցել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ կլոր սեղան-քննարկում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աշխատանքային քննարկմանը ներկա են գտնվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանը, «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում ԵԽ կողմից ներգրավված տեղական փորձագետներ և ՀՀ գերատեսչությունների մի շարք ներկայացուցուչներ։
Քննարկման մասնակիցները ներկայացրել են «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց ներկայացրած շահագրգիռ մարմինների կարծիքները, որոնց շուրջ և ծավալվել են աշխատանքային քննարկումները:
Մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունները կամփոփվեն ՀՀ արդարադատության նախարարության կողմից և օրենքի նախագիծը վերջնական լրամշակմամբ կներկայացվի ՀՀ կառավարության հավանությանը:
Oրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկումը կշարունակվի նաև մայիսի 21-ին:



