Շարմազանովն Ընտրական օրենսգիրքը երրորդ ընթերցմամբ լայն կոնսոլիդացիոյով ընդունելու հույս է հայտնում
ՔԱՂԱՔԱԿԱՆՔաղաքական մեծամասնությունը պատրաստակամ է անել ամեն ինչ՝ բարեփոխված Ընտրական օրենսգիրք ունենալու համար: ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նիստի ընթացքում ևս մեկ անգամ արձանագրել ենք, որ քաղաքական ուժերը և հատկապես քաղաքական մեծամասնությունը պատրաստակամ է անել ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք բարեփոխված Ընտրական օրենսգիրք»,- Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կա կոնսոլիդացիա, ինչի մասին է վկայում երկրորդ ընթերցմամբ նախագծին կողմ 95 ձայները: «Հիմա մենք նախագիծը ներկայացրել ենք երրորդ ընթերցման և մայիսի 25-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում կդնենք քվեարկության: Մենք հույս ունենք, որ երրորդ ընթերցման ժամանակ ևս նման ծանրակշիռ ձայներով կընդունենք Ընտրական օրենսգիրքը»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև 2016թ. հունիսի 1-ը:



