Սեյրան Օհանյանը ՊՆ-ում ընդունել է մի խումբ քաղաքացիների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 5-ին քաղաքացիների ընդունելություն է անցկացվել: Նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հերթական հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են քաղաքացիների դիմում-խնդրանքների վերաբերյալ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները: Ըստ այդմ՝ քաղաքացիների բարձաձայնած որոշ հարցեր լուծվել են հենց տեղում: Դիմումների զգալի մասին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարականով տրվել է դրական ընթացք:
Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին հուզող սոցիալ-իրավական, ֆինանսական, բնակարանային աջակցության խնդիրները, զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող տարաբնույթ հարցերը պաշտպանության նախարարության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են: Եվ քաղաքացիների ամենամսյա ընդունելություններն էլ հավաստում են պաշտպանության նախարարության՝ բանակ-հասարակություն կապերի առավել սերտացմանը միտված քաղաքականության մասին:



