«Ես դեռ երկար եմ ծառայելու». Թալիշում վիրավորված կապիտան (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ28-ամյա կապիտան Արսեն Առաքելյանը ապրիլի 4-ին ծանր այրվածքներ է ստացել, երբ ադրբեջանական անօդաչու սարքը գրոհել է մի խումբ մարդկանց Թալիշ գյուղում: Շատ զինվորներ եւ կամավորներ այդ օրը զոհվել են տեղում, բայց Արսենը նրանց թվում էր, ում հասցրել էին փրկել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արսենը պատմել է, որ Թալիշ գյուղի մուտքի մոտ կիսակառույց շինություն կա, որի մոտ այն օրը կանգնած են եղել կամավորները: Արսենը, առաջադրանքի բերումով այնտեղ հայտնվելով, բարեւել եւ ծանոթացել է նրանցից մի քանիսի հետ, ինչից հետո տուն է մտել ջուր խմելու: Այնտեղից լսել է, որ տղաները ինքնաձիգներից օդ են կրակում, դուրս է եկել` նայելու, թե ինչ է կատարվում:
Հենց այդ պահին անօդաչու սարքը գրոհել է, եւ Արսենը նույնիսկ չի հասցրել կողմնորոշվել եւ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել. Նա սկսել է այրվել: Փորձելով մարել կրակը, նա գետին է ընկել: Ողջ մնացած տղաները մոտ են վազել նրան եւ մյուսներին, սկսել են նրանց վրայից հանել այրվող հագուստը: Սակայն հեշտ չէր մարել այդ կրակը, Արսենը չգիտե, թե ինչ նյութ էր նման այրում առաջացրել, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում մարել այն. երբ թվում էր, թե կրակը հանգցված է, նորից բռնկվում էր:
Ի վերջո հաղթահարելով կրակը` Արսենին եւ մի քանի տուժածի սանիտարական մեքենայով տարան Մատաղիս, այնտեղից ռեանիմոբիլով տեղափոխեցին Մարտակերտ, հետո` Ստեփանակերտի հիվանդանոց: Արսենը վատ է հիշում, թե հետո ինչ է եղել. երկար ժամանակ նա անգիտակից էր: Նրա ձեռքերը, դեմքը, գլուխը եւ ոտքերը ծանր այրվածքներ էին ստացել:
Մանրամասները՝ NEWS.am-ում:



