Երեխայի մահվան պատճառ դարձած վերելակը շահագործվել է առանց դռների. մասնագետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների և ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հունիսի 4-ին Երևանի Բաշինջաղյան փողոցում տեղի ունեցած դժբախտ դեպքին, որի հետևանքով 5-ամյա երեխա էր մահացել, ասաց, թե վերելակի խցիկի շարժման ընթացքում երեխան մնացել է մետաղական կոնստրուկցիաների արանքում:
«Տվյալ վերելակը չի համարվում արտադրական վտանգավոր օբյեկտ, ենթակա չէ ամենամյա փորձաքննության: Այդ վերելակը, որում դեպքը տեղի է ունեցել, շահագործվել է առանց դռների»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը՝ հավելելով. «Նման սարքավորումը վերելակ կոչվելու, հետագայում էլ որպես վերելակ շահագործվելու իրավունք չունի»:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Բեկնազարյան փողոցի սեփական տներից մեկում վերելակի արգելափակման հետևանքով մահացու վնասվածք էր ստացել 5-ամյա երեխա: Դեպքի առթիվ քննչական կոմիտեն նյութեր է նախապատրաստում:



