ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Արցախում մեկնարկել են եռատոնի միջոցառումները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետությունում մայիսի 9-ի առավոտյան մեկնարկել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումները: Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ Ազգային ժողովի Աշոտ Ղուլյանը, Արցախի կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ և ԼՂՀ ԱԺ պատգամավորներն ու մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ երթով շարժվեցին դեպի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատ ամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Քաղաքային հուշահամալիրում զինվորական նվագախմբի նվագակցությամբ ԼՂՀ ՊԲ Պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր քայլերթ:
Այնուհետև ՀՀ և ԼՂՀ բարձրասիճան պաշտոնյաներն այցելեցին հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրեցին նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:
Այնուհետև ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ուղևորվեցին Շուշի:



