ԱԺ պաշտպանության հանձնաժողովում ռազմական ոլորտի խնդիրներն ուսումնասիրող աշխատանքային խումբ կձևավորվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովն աշխատանքային խումբ կձևավորի ռազմական ոլորտում առկա խնդիրներն ուսումնասիրելու, դրանք վեր հանելու և քննարկման առարկա դարձնելու համար: Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նիստում նման առաջարկով հանդես եկավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Մեր հանձնաժողովում մենք ունեցել ենք փակ և բաց քննարկումներ՝ կապված սոցիալական ապահովության խնդիրների հետ: Մենք ունենք այն ընկալումը, որ ցավոք, մեր օրենսդրական դաշտը չի ապահովում համակարգային մոտեցում: Իմ առաջարկը հետևյալն է, որ այսօր մենք ոչ թե սկսենք բովանդակություն քննարկել, որովհետև դրա համար հարկավոր է լուրջ պատրաստվել, այլ քննարկենք աշխատանքային խումբ ձևավորելու հարցը, որը կստանձնի ողջ համակարգի խնդիրները, կկատարի ուսումնասիրություններ և վերլուծություններ»,- նշեց Պողոսյանը:
Նա ընդգծեց, որ աշխատանքային խմբում կարող են տեղ գտնել նաև պատգամավորներ, որոնք ներկայացնում են ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը՝ համատեղ խնդիրները քննարկելու և նոր մոտեցումներ ու առաջարկներ ներկայացնելու համար:
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը Թևան Պողոսյանի առաջարկը դրեց քվեարկության: Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին պատգամավորի առաջարկին:



