Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող տղամարդու մայրը վաճառել էր գույքը և ողջ գումարը տվել մյուս զավակին. նոր մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLife.panorama.am-ը գրում է.
Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող տղամարդը իր մոր հետ գույքային վեճ է ունեցել: Life.panorama.am-ի աղբյուրի տեղեկացմամբ, մայրը վաճառել էր գույքը և ողջ հասույթը փոխանցել էր մյուս զավակին, ինչն էլ լուրջ ներընտանեկան վեճի պատճառ էր դարձել:
Ըստ տեղեկությունների, միջադեպի պահին տղամարդը պայթուցիկով ուղևորվելիս է եղել մոր տուն, ով բնակվում է Աջափնյակ վարչական շրջանում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտոբուսի պայթյունը կազմակերպելու մեջ կասկածվող քաղաքացին 55-ամյա տղամարդ է, ով նախկինում երկու անգամ դատապարտված է եղել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ 55-ամյա տղամարդը սպանության փորձի մեղադրանքով 13 տարվա ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրել է Հայաստանում, իսկ երկրորդ անգամ դատապարտվել է արտերկրում: Նշենք, որ Քննչական կոմիտեից հրաժարվեցին մեկնաբանել տեղեկությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 8 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն: Միջադեպի հանգամանքները ճշտելու ուղղությամբ քննչական աշխատանքներ են իրականացվում:



