«Նման դեպքերում չստուգված տեղեկություններ տարածելիս պետք է ցուցաբերել զսպվածություն». Արման Թաթոյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕմբուդսմեն Արման Թաթոյանն իր ցավակցությունն է հայտնել երեկ երեկոյան Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիներին եւ նրանց ընտանիքների անդամներին:
Ինչպես հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ վերջինս կարեւորում է հանրային նշանակության նման դեպքերի քննության եւ բացահայտման վիճակի վերաբերյալ հասարակության տեղեկացված լինելու իրավունքի լիարժեք երաշխավորումը: «Ընդ որում, հատկապես կարեւոր է պետական համապատասխան մարմինների կողմից հասարակությանը պարբերական, ստուգված եւ համակարգված տեղեկությունների մատուցումը»,- նշել է օմբուդսմենը:
Հաղորդագրության մեջ նա նաեւ հավելել է, որ այսպիսի իրավիճակներում անհրաժեշտ է զերծ մնալ հրապարակային դաշտում թյուրիմացություն առաջացնող տեղեկությունների տարածումից: Կարեւորելով խոսքի ազատության եւ տեղեկացված լինելու իրավունքի նշանակությունը՝ օմբուդսմենը կոչ է արել սոցիալական ցանցերի օգտատերերին նման դեպքերում չստուգված տեղեկություններ տարածելիս ցուցաբերել զսպվածություն՝ ելնելով այլոց իրավունքների պաշտպանության նկատառումից:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



