Ե՞րբ է պետք երեխաներին պատմել Ցեղասպանության մասին
ԼԱՅՖMed.news.am-ը գրում է.
Պե՞տք է արդյոք երեխաներին պատմել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին: Ո՞ր տարիքում եւ ինչպես է ճիշտ անել դա: Այդ մասին իր կարծիքն է հայտնել հոգեթերապեւտ, «Նարեկաբուժության» մասնագետ Արմեն Ներսիսյանը:
Մասնագետի խոսքով, ամենից ճիշտ կլինի ցեղասպանության մասին երեխաների հետ խոսել նրանց ակտիվ հասունացման շրջանում` 12-14 տարեկանում: Նրա կարծիքով, հենց այդ տարիքում է, որ երեխաները ճիշտ կընկալեն ստացված տեղեկությունը:
Սակայն ցանկալի է երեխաներին ճիշտ պատմել Ցեղասպանության մասին, զգուշորեն եւ առանց ավելորդ ողբերգականության, որպեսզի նրանց զոհի հոգեբանություն չներշնչեք, ոչ էլ ագրեսիա եւ վրեժի ծարավ: Երեխաները պիտի հասկանան, որ իրենց նպատակը վերացարկումը, անհասցե վրեժը չէ, այլ ուժեղ եւ բարեկեցիկ երկրի ստեղծումը:
«Վերհիշենք Պերճ Զեյթունցյանի խոսքերը. «Միայն ուժեղ Հայաստան ունենալով կկարողանանք հաղթել թուրքերին»: Հենց դա է կարեւոր` ուժեղ երկրի ստեղծումը, ոչ թե ցեղասպանության մասին անվերջ զրույցները», - ասել է Արմեն Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ հոգեթերապեւտը ցեղասպանությունը լուրջ սթրես է համարում, որն ազդում է հայերի ոչ միայն հոգեկան, այլեւ ֆիզիկական առողջության վրա: Ավելին, բացառված չէ, որ հայերի, հույների, արաբների եւ հրեաների շրջանում տարածված պարբերական հիվանդությունն ուղղակիորեն կապված է Ցեղասպանության հետ. չէ որ այս բոլոր ժողովուրդներն անցյալում զանգվածային ջարդի են ենթարկվել:



