Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 600-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷկվադորում երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել: Ինչպես ապրիլի 21-ի երեկոյան (Երեւանի ժամանակով՝ ապրիլի 22-ի առավոտյան) հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը, արդեն գտնվել են 587 զոհվածների մարմիններ: Նրանցից 539-ը հանձնվել են ազգականներին: Տուժածների թվաքանակը գերազանցել է 5 հազարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժի զոհերի թվում են 29 օտարերկրացիներ՝ Կուբայի, Կոլումբիայի, Դոմինիկյան Հանրապետության, Իռլանդիայի, Կանադայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Եվս երեք զոհվածների քաղաքացիությունը դեռեւս պարզված չէ:
7,8 մագնիտուդով երկրաշարժն Էկվադորում տեղի է ունեցել Մանաբի հյուսիսարեւմտյան նահանգի Պեդեռնալես քաղաքի շրջանում: Երկրին պատճառված վնասն առայժմ գնահատվում է մոտավորապես 3 մլրդ դոլար: Իշխանությունների կանխատեսումների համաձայն՝ երկրի վերականգնումը կտեւի մի քանի տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA



