Դատավոր Խաչատուր Խաչատրյանին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ դատավոր Խաչատուր Խաչատրյանի կողմից կաշառք ստանալու փաստի առթիվ:
Ըստ մեր տեղեկությունների՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցնող, պաշտոնատար անձ հանդիսացող Խաչատուր Խաչատրյանը իր լիազորությունների շրջանակներում խոստացել էր Սեյրան Կարապետյանին նրա օգտին որոշակի գործողություններ կատարել: Իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելու համար դատավոր Խաչատրյանը Ս. Կարապետյանից պահանջել եւ 2014թ. դեկտեմբերի 25-ին նրանից անձամբ ստացել էր ինը միլիոն 186 հազար դրամ կաշառք:
Հիշեցնենք, որ վերջինս ձերբակալվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին կաշառք ստանալու պահին Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Այժմ նախկին դատավորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311 հոդվածի չորրորդ մասի երկրորդ եւ երրորդ կետերի համաձայն: Նշենք, որ այդ հոդվածով նախատեսվող պատիժն է յոթից տասներկու տարի ժամկետով ազատազրկումը, որն կարող է ուղեկցվել գույքի բռնագրավմամբ:
Խաչատուր Խաչատրյանը կալանավորված է եւ գտնվում է «Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



