UWC Դիլիջանի քոլեջը միջազգային հեղինակավոր International Property Awards 2015 -ի դափնեկիր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆUWC Dilijan College-ն արժանացել է միջազգային հեղինակավոր International Property Awards-ի մրցանակին՝ հաղթող ճանաչվելով «Public Services Development» անվանակարգում:
Ինչպես տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, այս կատեգորիայում հաշվի են առնվում այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են շինարարության որակը, համակարգի ենթակառուցվածքների տեղաբաշխվածությունը, շենքի դիրքը, ճարտարապետական եւ նախագծային լուծումները, ինչպես նաեւ «կանաչ» տեխնոլոգիաների կիրառությունը:
International Property Awards-ի փորձագետների կողմից հատուկ ուշադրության է արժանացել կառույցի ճարտարապետական հայեցակարգը. բարձր են գնահատվում այն նախագծերը, որոնք միավորում են գեղագիտական տեսքն ու շահագործման հարմարավետությունը:
Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, Լոնդոնում: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողները երեքն են, Գրան Պրին կշնորհվի արարողության ժամանակ:
UWC Dilijan College-ը ԱՊՀ տարածքում առաջին շինությունն է, որը էկոլոգիական շինարարության ստանադարտների համապատասխանությունը փաստող՝ BREEAM-ի հավաստագրի է արժանացել: Այս տարի UWC Դիլիջան քոլեջի շենքի նախագիծը հաղթող էր ճանաչվել նաեւ IGRA կազմակերպության «Կանաչ տանիք առաջնորդության միջազգային մրցանակ»-ի (Green Roof Leadership Awards)՝ «Trendsetting Architecture» («Ուղղություն ստեղծող ճարտարապետություն») անվանակարգում:



