Կովկասյան լեռների անտառածածկ սրտում. «Newsweek»-ն աշխարհին է ներկայացրել Արցախը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ամերիկյան հեղինակավոր «Newsweek» պարբերականը ապրիլի 12-ին բավականին լայնածավալ հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ:«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ «Newsweek»-ը փորձել է իր միլիոնների հասնող լսարանին ծանոթացնել Արցախ աշխարհին:
Հոդվածի ուշադրության կենտրոնում է եղել Արցախում ապրող հայ մարդը, քրիստոնյան, դպրոցականը, ուսանողը, երիտասարդը և շարքային արցախցին: Բավականին մանրամասնորեն ներկայացվում է այն խնդիրները, որոնք ներկայում առկա են աշխարհի կողմից դեռևս չճանաչված կովկասյան այս երկրամասում:
«Ավելի քան 20 տարի առաջ զենքերի աղմուկը լռեց Լեռնային Ղարաբաղում՝ Կովկասյան լեռների անտառածածկ սրտում: Տարիներ տևած արյունալի հակամարտությունը, որը 30.000-ից ավելի մարդու կյանք խլեց, Ադրբեջան պետության և Ղարաբաղում էթնիկ մեծամասնություն կազմող հայերի միջև կնքված զինադադարի միջոցով միառժամանակ առկախվեց»,- այսպես է սկսվում «Newsweek»-ի հոդվածը՝ հերոս առ հերոս ներկայացնելով Արցախը:
Հոդվածում անդրադարձ կա նաև վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում տեղի ունեցած արյունալի բախումներին և դրա ազդեցությանը շարքային արցախցու կյանքում: Հրապարակմանը կից «Newsweek»-ը խոսուն ու մեկնաբանված տասնյակ լուսանկարներով ներկայացնում է ժամանակակից Արցախն ու աշխարհի գերտերությունների կողմից դեռևս չճանաչված արցախցիներին:




















































