ՄՀՆՋ վետերանները մեր զինվորների կողքին են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄՀՆՋ վետերանների միության նախագահ գնդապետ Գրիշա Սարգսյանը տեղեկացնում է, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրման առաջին իսկ օրվանից միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի վետերանների միությունը հայրենիքի կանչով արագ արձագանքեց իրավիճակին: ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության արդյունքում վետերաններից անմիջապես կազմավորվեցին ինքնակամ ջոկատներ՝ համալրելով ղարաբաղյան ռազմաճակատը:
«Քարվաճառ-Մարտակերտ ուղղությամբ՝ պաշտպանական գծում, ՄՀՆՋ-ի մարտիկները փառքով եւ վստահորեն կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները՝ չեզոքացնելով հակառակորդի առաջխաղացումը եւ դիվերսիոն խմբերի ակտիվությունը: ՄՀՆՋ կենտրոնական գրասենյակը պարբերաբար կապի մեջ է առաջնագծի հետ եւ նախապատրաստում է հերթական խմբաքանակն ու անհրաժեշտ օգնությունը՝ հարկ եղած դեպքում՝ ուղարկելով առաջնագիծ: Հերթական անգամ միլիցիայի հատուկ ջոկատները ցույց են տալիս իրենց հզորությունն ու քաջությունը, ինչպես 1991թ. «Կոլցո» օպերացիայի ժամանակ: ՄՀՆՋ մարտիկները զինված են մարտական բարձր ոգով ու անհրաժեշտության դեպքում հակառակորդին արժանի հակահարված տալու տրամադրվածությամբ»,- նշել է գնդապետ Գրիշա Սարգսյանը:



