Դավիթ Լոքյանն ընդունել է ՀԲ ՍՆՏԶ ծրագրային թիմի անդամներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ապրիլի 11-ին ընդունել է Համաշխարհային բանկի ՍՆՏԶ ծրագրային թիմի անդամներին, ովքեր ս.թ. ապրիլի 11-15-ը անցկացնում են Հայաստանում Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում (ՍՆՏԶ) ծրագրի իրականացման աջակցության առաքելությունը: Այս մասին «Արմ ենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:
Ողջունելով հյուրերին, նախարար Դավիթ Լոքյանը մեծապես կարևորել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով աջակցվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի իրականացումը և ՀԲ ծրագրային թիմի առաքելությունը ՍՆՏԶ ծրագրի իրականացման աջակցության գործում:
Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության գծով մասնագետ և խմբի ղեկավար Էռկին Մամադալիևը նախարարին մանրամասն ներկայացրել է առաքելության հիմնական խնդիրները, որի շրջանակներում խումբը ուսումնասիրելու է ՍՆՏԶ ծրագրի իրականացման ընթացքը, քննարկելու է Ինստիտուցիոնալ զարգացման պլանը, իրականացնելու է ծրագրի մոնիտորինգի և գնահատման ու սոցիալական և բնապահպանական երաշխիքների կառավարման համակարգերի պլանավորման և իրականացման աշխատանքները:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են համայնքների ուղղակի ներգրավումը ծրագրերի նախագծման, հաստատման և աշխատանքների իրականացման մեջ:
Նախարարը ընդգծել է ՍՆՏԶ 2-րդ բաղադրիչի (օժանդակություն միջհամայնքային սոցիալ-տնտեսական զարգացումների նախաձեռնություններին) արդյունավետ իրականացումը, որը փոխկապակցված է համայնքների խոշորացմանն ուղղված տարածքային զարգացման բարեփոխումների հետ: Նախարարի խոսքով, այդ բաղադրիչը կնպաստի տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման անհամաչափությունների նվազեցմանն ու ներդաշնակ տարածքային զարգացման խթանմանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև միջազգային կառույցների ` մասնավորապես Շվեյցարական միջազգային համագործակցության գրասենյակի (SDC) և ԱՄՆ ՄԶ գործակալության (USAID) կողմից ծրագրի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր:



