Կիեւվում հայերի պատմությանն ու մշակույթին նվիրված ցուցահանդես կբացվի
ՄՇԱԿՈՒՅԹԱյսօր Կիեւում Վ.Վերնանդսկու անվան Ազգային գրադարանում Ուկրաինայի հայերի պատմությանն ու մշակույթին նվիրված «Հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես կբացվի: Այս մասին տեղեկանում ենք ուկրաինական analitikaua.net կայքից:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հանձնաժողովի եւ Վ.Վերնանդսկու անվան Ազգային գրադարանի կոլեկտիվի համատեղ ջանքերով:
Ցուցադրվելու են Ուկրաինայի հայերի բազմադարյան պատմության հետաքրքիր փաստեր: Դրանց թվում կլինեն հայկական հրաշագործ սրբապատկերներ, Կիեւի Սուրբ Սոֆիա մայր տաճարի որմնանկարներն ու 1616-ի հայկական տպարանը: Ցուցահանդեսի բացումը կվարի պատմաբան, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը:
Այս տարի նաեւ լրանում է Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակը: Լվով քաղաքը հայկական գրատպության չորրորդ կենտրոնն է Վենետիկից, Կոստանդնուպոլսից եւ Հռոմից հետո:
Լվովում տպագրված առաջին հայկական գիրքը «Դավիթ Եւ Սաղմոսն» է, որ լույս է տեսել 1616թ-ի դեկտեմբերի 15-ին:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյա



