«Ժամանակ» թերթը գրում է. «Բանակցել չի նշանակում զիջել, եւ եթե ընդդիմությունն անի ողջամիտ առաջարկներ, իշխանությունը պատրաստ է ընդունել դրանք: Սա վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքն է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ընդդիմության մոտեցումների հանդեպ:
Այն, որ Աբրահամյանը կեղծում է կամ որեւէ կերպ չի ներկայացնում տվյալ դեպքում իշխանությունը՝ պարզ է ընդդիմության հենց մի առաջարկից, որ կապված է ցուցակների հրապարակման եւ մաքրման հետ: Ընդդիմությունը առաջարկում է հրապարակել ընտրական այն ցուցակները, որոնցում արդեն քվեարկած քաղաքացիների ստորագրությունն է, միաժամանակ նաեւ ընտրություններից առաջ կազմել երկու ցուցակ՝ Հայաստանում գտնվողների եւ Հայաստանից բացակայողների: Պարզ մի առաջարկ, որն իր մեջ չի պարունակում որեւէ բարդություն, չի ենթադրում որեւէ հեղափոխական մոտեցում:
Եվ ահա այդ պարզ առաջարկները արժանանում են իշխանության խրթին, խուճուճ, անհոդաբաշխ մերժումներին, որոնց հեղինակները որեւէ կերպ չեն կարողանում անգամ առաջին դասարանցու համար համոզիչ փաստարկներով ներկայացնել, թե ինչու հնարավոր չէ ընդառաջել ընդդիմության այդ պարզ պահանջներին:
Իսկ այդ պահանջներին կողմ են բոլոր քաղաքական ուժերը, եւ եթե իշխանությունն ընդունի թեկուզ միայն դրանք, ապա դա շոշափելիորեն կբերի կոնսենսուսային մի մթնոլորտի, որը, իհարկե, հիմնարար կերպով չի լուծի ընտրությունների վստահելիության հարցը, քանի որ Հայաստանի իշխանությունները, Մեծ Կոմբինատորի նման, ունեն ընտրությունները կեղծելու համեմատաբար «օրինական» 400 տարբերակ, սակայն զգալիորեն կփոխի իրավիճակը հասարակական-քաղաքական կյանքում, կլինի իսկապես մեկ քայլ առաջ:
Եվ ահա, քանի որ իշխանությունը մերժում է անգամ այս պարզ առաջարկը, ինքնին պարզ է դառնում, որ ողջամիտ առաջարկներն ընդունելու մասին վարչապետ Աբրահամյանի հայտարարությունը կա՛մ կեղծ է, ձեւական, ընդամենը քարոզչական, կա՛մ էլ Հովիկ Աբրահամյանն արդեն չի ներկայացնում իշխանությունը եւ չգիտի, որ իշխանությունը իր բոլոր խոսափողներով մերժում է ընդդիմության ամենապարզ ու «անմեղ» առաջարկն անգամ:
Միեւնույն ժամանակ հարց է, թե որ տարբերակն է ավելի իրատեսական՝ Աբրահամյանի հայտարարության ձեւական, կեղծ լինե՞լը, թե՞ նրա իշխանություն չլինելը: Նա, իհարկե, շարունակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, սակայն քաղաքական ակնառու արժեզրկման պայմաններում:
Եվ այս իմաստով բոլորովին անհավանական չէ, որ Հովիկ Աբրահամյանի եւ, այսպես ասած, իշխանական մեծամասնության շահերը այսօր լիովին հակադիր են, եւ Աբրահամյանի համար ողջունելի կլինի այդ իշխանության վրա բավական մեծ ճնշումն Ընտրական օրենսգրքի մասով, քանի որ ինքն այլեւս այդ օրենսգրքի շահառուն, կարծես թե, չէ, քանի որ 2017-ի ընտրությունների արդյունքներով վարչապետի պաշտոնի գլխավոր շահառուն չէ: Այդպիսին այսօր Սերժ Սարգսյանն է, եւ Հովիկ Աբրահամյանն անկասկած դեմ չի լինի, եթե Սարգսյանն ու նրա օրենսգիրքը ունենան հնարավորինս շատ խնդիրներ:
Հովիկ Աբրահամյանն, ըստ ամենայնի, հաշվարկում է, որ այդ պարագայում միգուցե Սերժ Սարգսյանն ունենա իր կարիքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



