Գնահատում եմ ոչ թե մեկ հանդիպման արդյունավետությունը, այլ այդ հանդիպման տեղն ու դերը՝ ընդհանուր շղթայի մեջ. Մարկարովը՝ Սարգսյան-Պուտին հանդիպման մասին
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Անդրադառնալով Սարգսյան-Պուտին հերթական հանդիպմանը՝ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը Past.am-ի հետ զրույցում ասաց. «Գնահատում եմ ոչ թե մեկ հանդիպման արդյունավետությունը, այլ այդ հանդիպման տեղն ու դերն ընդհանուր շղթայի մեջ, որը տեղի է ունենում ՀՀ-ի և ՌԴ-ի առաջին դեմքերի միջև:
Այս հանդիպումների արդյունավետությունը գնահատվում է այն համագործակցությամբ և փոխհարաբերությունների մակարդակով, որոնք առկա են երկու պետությունների միջև: Իսկ այս համագործակցությունը հայտնի է որպես ռազմավարական: Համագործակցությունը կայանում է ոչ միայն երկողմ ձևաչափով, այլև մի շարք այլ ձևաչափերի շրջանակներում, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը ակտիվ համագործակցում են:
Այս համագործակցությունը կայանում է ՀԱՊԿ-ի և այլ կառույցների շրջանակներում»,- ընդգծեց Ալեքսանդր Մարկարովը:
Ըստ քաղաքագետի՝ մեր հարաբերությունները պայմանավորված են այն դերակատարությամբ, որը երկու պետություններն ունեն Հարավային Կովկասի, Միջին արևելքի քաղաքականության մեջ: Հիշեցնենք, որ մարտի 10-ին Կրեմլում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումը:
Լևոն Փանոսյան




















































