Թուրքիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) շրջանի Սուրուչ գավառում իրականացվել է ահաբեկչություն, որը խլել է 28 մարդու կյանք, իսկ վիրավորների թիվը հասել է 100-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Նշվում է, որ զո հերի թիվը կարող է ամեն պահի ավելանալ:
Քոբանիին օգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստ երիտասարդության ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խումբը Սուրուչում ելույթ է ունեցել, երբ գործի է դրվել պայթուցիկը: Պայթյունը որոտացել է մարդկանց շարքերում:
Երիտասարդ սոցիալիստներն այս գիշեր պետք է անցնեին Քոբանի՝ փոխանցելու իրենց հավաքած օգնությունը: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն արդեն հայտարարություն է արել կատարվածի առնչությամբ՝ դատապարտելով ահաբեկչական գործողությունը: Նախարարության տվյալներով՝ ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Հիվանդանոց տեղափոխվածների մի մասի վիճակը ծանր է, նրանց կյանքը փրկելու համար արդեն կոչ են անում արյուն հանձնել:



