«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն այսօր քննարկելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Այդ մասին հայտնի է դարձել երեկ, ընդ որում՝ այն բանից հետո, երբ հասարակության մեջ բուռն արձագանք առաջացրեց Վենետիկի հանձնաժողովի հրապարակումը: Բանն այն է, որ Վենետիկի հանձնաժողովը երեկ իր կայքում հրապարակեց Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն նախագիծը, որ Հայաստանի կառավարությունն ուղարկել էր հանձնաժողովին:
Եվ ահա, միայն դրանից հետո, երբ հասարակության մեջ աղմուկ բարձրացավ, որ փաստորեն ՀՀ քաղաքացին Վենետիկի հանձնաժողովից է տեղեկանում Հայաստանի ԸՕ փոփոխությունների նախագծի մասին, ոչ թե իր հարկերով պահվող կառավարությունից, իշխանությունները տեղեկություն տարածեցին կառավարության նիստում ԸՕ նախագիծը քննարկելու մասին եւ հրապարակեցին նախագիծը: Ըստ որում՝ բավականին զավեշտալի պատկեր ստացվեց:
Բանն այն է, որ կառավարության հրապարակած նախագծի մասով հայտարարվեց, թե այն տարբերվում է Վենետիկ ուղարկածից եւ պարունակում է ԸՕ փոփոխությունների վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկները: Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները մի բան են ուղարկել Վենետիկ, եւ մեկ այլ բան են ներկայացնում Հայաստանի քաղաքացիներին: Այսինքն, ըստ էության, երկակի խաղ է ստացվում: Չի բացառվում, որ Հայաստանի իշխանություններն այս խաղի միջոցով փորձում են մանեւրել եւ այդ մանեւրի միջոցով որոշ իրենց համար կարեւոր, իսկ հանրության համար վտանգավոր կամ անցանկալի դրույթներ «սղացնել» այս երկակիության միջոցով:
Բացառված չէ նաեւ, որ Վենետիկում խիստ բացասական է ընկալվել ուղարկված նախագիծը, եւ Հայաստանի իշխանությունները շտապել են շրջանառության մեջ դնել մեկ այլ տարբերակ, այսպես ասած՝ պահեստային տարբերակը, քանի դեռ Վենետիկից չեն հնչել կոշտ գնահատականներ եւ չի առաջացել որոշակի լարված մթնոլորտ: Եվ վերջապես, բացառված չէ եւ այն, որ Հայաստանի իշխանության վրա ազդել է հանրային աղմուկը՝ կապված այն բանի հետ, որ հասարակությունը ԸՕ փոփոխությունների մասին իրազեկվում է Վենետիկից՝ Երեւանի փոխարեն:
Ըստ որում, դատելով Հայաստանի իշխանությունների բնույթից՝ պետք չէ բացառել նաեւ, որ Վենետիկ ուղարկված տարբերակը ներկայացվել է որպես հասարակությանը ներկայացված տարբերակ, եւ այն բանից հետո, երբ հանրությունը աղմուկ է բարձրացրել անիրազեկվածության մասին, իշխանությունները շտապել են հրապարակ հանել պահեստային տարբերակը:
Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացը դեռեւս չսկսված անլրջանում է: Միեւնույն ժամանակ, իշխանություններն, իհարկե, այլ անելիք այստեղ չունեն՝ մանիպուլյացիաներից բացի: Իշխանությունը, ըստ էության, չունի ուժեղ հակափաստարկներ այն դրույթների եւ առաջարկների վերաբերյալ, որ ներկայացնում են տարբեր ընդդիմադիր ուժեր՝ կապված ընտրական գործընթացի վստահելիությունը, թափանցիկությունը եւ օրինականությունը ամրապնդելու հետ: Եվ այստեղ իշխանությունների միակ փաստարկը կմնա իրավիճակը հնարավորինս խճճելը:
Թեեւ բացառված չէ նաեւ, որ ԸՕ վերաբերյալ իշխանության ներսում իսկ առկա են բավականին էական տարաձայնություններ, իհարկե՝ ոչ թե գաղափարական կամ այսպես ասած՝ հայեցակարգային հողի վրա, այլ իշխանության համար պայքարի, եւ բացառված չէ, որ նմանօրինակ խուճուճ անակնկալների ԸՕ փոփոխությունների գործընթացում մենք էլի ականատես լինենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



