ՀՀ քաղաքաշինության նախարարն աշխատակազմին է ներկայացրել իր նոր գլխավոր խորհրդականին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը փետրվարի 29-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում աշխատակազմին տեղեկացրել է, որ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական է նշանակվել Ռուզան Ալավերդյանը, ով երկար ժամանակ զբաղեցնում էր քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը: Նախարարը ներկայացրել է նաև Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն Անուշ Տեր-Մինասյանին՝ մաղթելով նրան արգասաեր գործունեություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, անդրադառնալով քաղաքաշինության նախարարության առաջիկա անելիքներին՝ նախարարը հանձնարարել է նախարարության ոլորտային պատասխանատուներին նախարարի մոտ կազմակերպել խորհրդակցություններ՝ գնագոյացման, պետական փորձաքննության, ինչպես նաև՝ ներդրումային ծրագրերի և աղետի գոտու հիմնահարցերի վերաբերյալ:
Քաղաքաշինության նախարարն անդրադարձել է նաև հանրապետությունում առկա 230 կիսակառույցների (որոնց հաշվառումը և գույքագրումը նախարարությունն իրականացրել է անցյալ տարի) խնդրին, հանձնարարելով դրանց վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնել:



