Բեռնի Սանդերսը Ֆրանցիսկոս պապին սոցիալիստ է անվանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերմոնտի նահանգից սենատոր եւ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահության թեկնածու Բեռնի Սանդերսը The Washington Post-ում հրապարակված հարցազրույցում հայտնել է, որ Հռոմի ներկայիս պապ Ֆրանցիսկոսին սոցիալիստ է համարում:
Սանդերսն ընդգծել է, որ պապը ճիշտ դիրքորոշում ունի եկամուտների անհավասարության վերաբերյալ` սոցիալական խնդրի, որի վրա սենատորը կառուցում է իր նախագահական արշավը: Նրա խոսքով, Հռոմի պապը «ամենահարմար պահին է հայտնվել պատմության մեջ», տեղեկացնում է Gazeta-ն:
«Ֆրանցիսկոսը վեր է հանել փողի պաշտամունքի խնդիրը: Իսկ դա մեր ապրած աշխարհի հիպերկապիտալիստական համակարգի շատ, շատ դաժան քննադատություն է», — նշել է Սանդերսը:
Այն հարցին, թե արդյոք Վերմոնտի նահանգից սենատորը Հռոմի պապին սոցիալիստ է համարում, Բեռնի Սանդերսը, որն իրեն դեմոկրատական սոցիալիստ է կոչում, ասել է, որ ինքն ու պապը միեւնույն մտակերտվածքն ունեն:
«Ինչ վերաբերում է սոցիալիստ լինելուն այն իմաստով, որը ես նկատի ունեմ եւ որը պապը նկատի ունի, դա նշանակում է անել ամեն հնարավորը եւ ամբողջ կյանքն ապրել պայքարելով մարդկային տառապանքի նվազման համար: Դա դանդաղեցնում է եկամուտների եւ նյութական վիճակների սոցիալական անհավասարության մեծացումը», — ընդգծել է նախագահության թեկնածուն:



