Մալաթիա տոնավաճառի տնօրենը բողոքող առևտրականների առջև պայման դրեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄալաթիա տոնավաճառում կազմակերպած բողոքի ցույցի ակտիվ մասնակիցներից մի քանիսը տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանի առանձնասենյակում մոտ մեկ ժամ բանակցում էին տաղավարների վարձավճարների էժանացման շուրջ: Բանակցող առևտրական տղամարդկանցից մեկը տնօրենի հետ զրույցում ընդգծեց, որ խնդիրը ոչ թե քմահաճույքի մեջ է, այլ այն, որ իրենք սրանով լուծում են իրենց հացի խնդիրը:
«Համաձայն եմ, բոլորիդ էժացնում եմ 20 հազար դրամով, բայց կգաք հաշվապահություն ինքներդ կանեք, որ սաղիդ համար ես չվազվզեմ: Եթե էժանացնեմ, ի վիճակի չեմ լինի ձեր փոխարեն անել ողջ հաշվապահությունը»,-պատասխանեց տնօրենը: Ավետիսյանը պայման դրեց, որ կարող է շուկայի վերևի հատվածի համար վարձավճարը 100 հազար դրամի փոխարեն դարձնել 80 հազար դրամ, սակայն հաշվապահությունը և հարկերի վճարումը մնալու է այդ առևտրականների վրա: Բանակցող առևտրականները չհամաձայնեցին՝ շեշտելով, որ դա հարցի լուծում չէ: Նրանք նշեցին, որ դրանից ավելի ֆինանսապես կտուժեն, քանի որ հարկային թղթաբանություն չեն կարող իրականացնել: Երկարատև բանակցությունների ընթացքում տնօրենն ու ակցիայի մասնակիցներն այդպես էլ չկարողացան որևէ ընդհանուր հայտարարի գալ: Առևտրականները դեռ շարունակում են գործադուլը և շուկայի տարածքում իրենց դժգոհությունն են հայտնում:
Լիլիթ Լալայան



